«Ժողովուրդ». Հայտնի չէ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեև չի ներկայացվել ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն երեկ գործադիրը հրապարակեց 12 նախարարությունների անունները:
Ըստ այդմ, առաջիկայում կառավարությունը կունենա հետևյալ կազմը. Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա դրա փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Փաստորեն, ներկայիս 17 նախարարության փոխարեն կունենանք 12-ը: Ընդ որում, տեղի է ունեցել ոչ թե սոսկ միավորման գործընթաց, այլև որոշ նախարարությունների դեպքում կատարվել է անվանափոխություն:
Չկա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, և այս գործառույթները կիրականացնի Էկոնոմիկայյի նախարարությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխարեն կլինի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարությունը, նաև նրանց լիազորության շրջանակներում կլինի տրանսպորտի և կապի ոլորտները՝ որպես առանձին ենթակառուցվածքներ: Իսկ ՏՏ ոլորտով կզբաղվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը:
Մեկ հետաքրքիր փաստ էլ. եթե այս փոփոխությունների արդյունքում Մշակույթի նախարարությունը միացվելու է ԿԳՆ-ին, ապա հայտնի չէ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը. համենայն դեպս, 12 նախարարություններից որևէ մեկի անվանումից պարզ չէ, թե որն է զբաղվելու այդ հարցերով»: