Գրպանային արդարադատությամբ ժողովրդավարություն չես ապահովի

Հայաստանում շարունակվում է գրպանային արդարադատության արատավոր պրակտիկան, որի վառ դերակատարողներից է մի շարք հնչեղություն ունեցող իրավական գործընթացներում (և ոչ միայն) ներգրավված փաստաբան Վահե Գրիգորյանը։
Շատերի կողմից հիացմունքի արժանացած փաստաբանի շուրջ աղմուկները չեն դադարում, դրանք պարբերաբար դուրս են գալիս ջրի երես, իսկ հետո նրա ու աջակիցների կողմից սահուն կերպով հետ մղվում։
Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքի տակ տաքացած փաստաբանը, ով դեռևս 2008 թվականին Սահմանադրական դատարանում ներկայացնում էր ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուին, շարունակում է ծառայել նրա թիմին և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաստաբանը, ով մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է ՄԻԵԴ-ում, չի կարող օբյեկտիվ լինել իր գործը կատարելիս այն դեպքում, եթե մտերմիկ հարաբերությունների մեջ է հրահրված գործողությունների հիմնական կազմակերպիչների հետ։ Զարմանալի է, որ մինչև օրս նրան վստահում են՝ չփորձելով տեսնել մեդալի հակառակ կողմը նույնպես։
Ցավալի է, որ փաստաբանի նման վարքագիծը անտեսվում է ու քննարկման առարկա չի դառնում, իսկ երբ Փաստաբանների պալատը փորձում է կիրառել կամ կիրառում է կարգապահական տույժ, անմիջապես դրան տրվում է փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու որակում։
Անտեսվում է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած և 2018-ի սեպտեմբերի 11-ին հրապարակված հեռախոսազրույցների գաղտնալսված ձայնագրությունը, որի մի փոքր հատված առնչվում էր հենց Վահե Գրիգորյանին։ Այն, ցավոք, ցույց տվեց, որ անձնական ամբիցիաները, իշխանության հետ վենդետայի ընդհանուր թեմա ունենալը և Սորոսից գրանտներ ստացողների հետ համագործակցելը կարող են վեր լինել պրոֆեսիոնալ գործունեությունից։
Քանի որ հեռախոսազրույցի այդ մի հատվածը շատ սահուն կերպով շրջանցվեց, ինչպես Վահե Գրիգորյանը արդարանալու ժամանակ նշեց՝ «թեկուզև այս հատվածը առանձնապես չի քննարկվում մամուլում», հարկ ենք համարում նորից ներկայացնել․
«Սասուն Խաչատրյան - Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան ․․․
Արթուր Վանեցյան – Ահա, ահա։
Սասուն Խաչատրյան - Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա,
էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի:
Արթուր Վանեցյան - Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ:
Սասուն Խաչատրյան - Հա, Վահեն կխոսա ախպեր ջան, որպես փորձագետ, նաև ինքը Եվրոդատարանում ա ներկայացնում, չէ՞, էս գործը ․․․»։
Նույն օրը մամուլի ասուլիս հրավիրեցին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց․ «Վահե Գրիգորյանի և իմ տեսակետները շատ հարցերում համընկնում են ․․․ Համագործակցում ենք որպես իրավաբաններ, ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից, և այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է, բայց գործից դուրս ես նրան ճանաչում եմ որպես իրավաբան և շատ հարգում եմ, և մեր տեսակետներն էլ այս գործի հետ կապված որոշ դեպքերում համընկնում են»: Սասուն Խաչատրյանն, ով հայտնի է իր անպատասխանատու ու իրավագիտությունից հեռու հայտարարություններով, նշում է՝ դեռ ուսանող տարիներից է ճանաչում ու հարգում Վահե Գրիգորյանին։ Մեծ հնչեղություն ու կարևորություն ունեցող գործերում ներգրավված փաստաբանին ասել՝ իր փոխարեն հայտարարություններով հանդես գա ու մի բան գրի, հարգալից դժվար թե անվանես, ճիշտ կլինի անվանել՝ սեփական և իշխանահաճո գործողություների իրականացման գործիք։
Հետո հայտարարություն տարածեց Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան էջում նշելով․ «Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմի և ՀՔԾ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից: Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը, նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար․․․ Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ էլ դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների»:
Այնուամենայնիվ, փաստաբանն այդպես էլ չի պատասխանել, թե այդ ինչ պետք է գրեր, որն ի պաշտոնե ՀՔԾ ղեկավարը չէր կարող իրեն թույլ տալ, և, վերջիվերջո, Սասուն Խաչատրյանն այդ ի՜նչ հայտարարությամբ էր ցանկանում Վահե Գրիգորյանի ձեռքով «կրակի միջից շագանակ հանել»։
Մեզ մնում է հուսալ, որ միջազգային կազմակերպությունների կոչերն առ այն, որ արդարադատություն իրականացնելիս պետք է զերծ մնալ վրեժխնդրությունից, ինչ-որ կերպ դաս կլինի իրավական համակարգը արատավորողների համար։ Չէ՞ որ մենք ուզում ենք ժողովրդավար պետություն լինել ոչ թե փուչ ու սին հայտարարություններով, այլ՝ գրպանային արդարադատությունից իրավական համակարգը ազատելով։